Համաշխարհային բանկի վերջին ուսումնասիրությունների համաձայն, Հայաստանի բնակչության 76 տոկոսի օրական եկամուտը չի գերազանցում 5 դոլարը: Ըստ այդմ՝ 2 միլիոնից ավելի մարդ համարվում է աղքատ, քանի որ նրանց ամսական եկամուտը չի գերազանցում 72000 դրամը:
«Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2015» ծավալուն զեկույցում ցուցանիշը ներկայացված է «Մեկ հայացքով» հավելվածում, որտեղ աղյուսակներով առանձնացվել են 2014-ի աղքատության ցուցանիշները: Համաշխարհային բանկը հիմք վերցրել է ՀՀ ԱՎԾ-ի տվյալները, ըստ որոնց, 2014-ին Հայաստանում աղքատության ցուցանիշը 30 տոկոս էր, սակայն, սեփական մեթոդաբանությամբ կատարած ճշգրտումների արդյունքում թվաբանական պատկերը զգալիորեն փոփոխվել է:
Ըստ ՀԲ երևանյան գրասենյակի արտաքին կապերի ավագ պատասխանատու Վիգեն Սարգսյանի, նշված 5 դոլարը կամ դրան գերազանցող թիվը Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության երկրներին բնորոշ ցուցանիշն է, որին Հայաստանում ոչ միշտ են ուշադրություն դարձրել: «Իսկ մենք իրականում միջին և ցածր եկամուտ ունեցող երկիր ենք, մեր նման երկրների համար հիմնական ցուցանիշը 2,5 դոլարն է մեկ շնչին»,- ասաց Սարգսյանը:
ՀԲ-ի մասնագետները հաշվարկել են նաև, թե հայաստանցիների քանի տոկոսն է ապրում օրական 2,5 դոլարով կամ ամսական 45 հազար դրամով: Ըստ այդմ՝ մինչև 45000 դրամ եկամուտով ապրողները բնակչության 26 տոկոսն են կազմում: Այս թիվը մոտ է պաշտոնական տվյալներին՝ անցած տարի ԱՎԾ-ն աղքատության շեմ էր համարել 40264 դրամ եկամուտը: Միջազգային կառույցը մեկ այլ մտահոգիչ ցուցանիշ էլ է նշել. բնակչության ընդամենը 3,22 տոկոսն է օրական 10 և ավելի դոլար ծախսում: ՀԲ-ում էլ դժվարանում են ասել՝ ամսական մոտ 150000 դրամ եկամուտ ունեցողին կարելի՞ է դասել միջին խավին: «Թվում է՝ միջին խավի թեման մշտապես ակտուալ է եղել Հայաստանում, և ասենք, դեռևս տնտեսական և սոցիալական զարգացման առումով հսկայական աշխատանք կա անելու, որ միջին խավը իսկապես ձևավորվի, կայանա և կարողանա ինչ-որ զարգացումների վրա նաև ազդեցություն ունենալ»,- նշում է ՀԲ ներկայացուցիչը: